Մատչելիության հղումներ

Իրանում ապրող հայ. «հայկական համայնքում տուժածներ չկան, բայց լրավածություն կա»


Իրանում ու Իսրայելում ապրող հայերից մեզ չեն դիմել Հայաստան տեղափոխվելու համար, տեղեկացնում են Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակից: Իրանահայերից ոմանք մեքենայով Հայաստան են գալիս, եթե այստեղ տուն ունեն:

«Իսրայելում մեր հայրենակիցները հիմնականում գտնվում են ապաստարաններում, քանի որ այնտեղ կան այդ հարմարությունները ռազմական իրավիճակների համար նախատեսված: Իրանում հիմնականում իրենց տներում են: Ընդհանուր անհանգստություն, իհարկե, կա: Տագնապ կա, բայց Հայաստան տեղափոխվելու խնդիր որպես այդպիսին տրված չի, իրենց կողմից չի հնչել», - ասաց Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի խոսնակ Նելլի Ղուլյանը:

Սոցցանցերում ահազանգ կար, որ 17 հայ զբոսաշրջիկներ Իսրայելից Հայաստան չեն կարողանում վերադառնալ: Զբոսաշրջության կոմիտեից ասացին արտգործնախարարության հետ աշխատում են, այլ մանրամասներ չկան, նաև հստակ տվյալ՝ Իրանում ու Իսրայելում այլ զբոսաշրջային խմբեր մնացել են, թե՝ ոչ:

Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի տեղեկացմամբ՝ պատերազմական 5 օրերի ընթացքում համայնքը զոհեր ու նաև նյութական կորուստներ չի ունեցել, միայն իր ղեկավարած խմբագրության տարածքն է վնասվել:

Այժմ աշխատում են առցանց տարբերակով մինչև... հուսով են՝ մի քանի օրից վերադառնան խմբագրություն: Ըստ Շահնազարյանի՝ երկրում իրավիճակը լարված է, բայց նրա ձևակերպմամբ՝ ճգնաժամային խուճապ չկա:

«Հասարակության մոտ ընդհանրապես և բնականաբար իրանահայ համայնքում ևս կա լարվածություն, մտահոգություն, թե իրադարձություններն ինչպիսի զարգացումներ են ունենալու և ինչպիսի ելք է ունենալու պատերազմը», - նշեց նա:

Իրանում հայերի մեծ մասը՝ շուրջ 98 տոկոսը Թեհրան, Սպահան, Ուրմիա, Թավրիզ քաղաքներում է կենտրոնացած: Իսրայելական հրթիռների տակ են այս քաղաքները: «Ալիք»-ի խմբագիրն ասում է՝ Իրանում հայ համայնքի խնդիրներն իրենց ուշադրության տակ են պահում Թեհրանի, Սպահանի, Ատրպատականի հայոց թեմերը:

«Ազգային իշխանություններն ուշի-ուշով հետևում են այդ ամբողջին և անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի խնդիրները կարգավորվեն, որպեսզի եթե լինեն տուժածներ, բարեբախտաբար, մինչ օրս մենք տուժածներ չունենք, եթե լինեն տուժածներ, առաջին անհրաժեշտության օգնություն լինի, հոգալու համայնքի անվտանգությունը», - ասաց Արամ Շահնազարյանը:

Հայկական դպրոցները չեն գործում, ինչպես նաև իրանական կրթական հաստատությունները, քննությունների շրջան էր ու դրանք դադարեցվել են: Պետական հաստատություններն էլ մասամբ են աշխատում:

«Սննդի, ջրի խնդիր չկա», - ընդգծում է Շահնազարյանը, իսկ բենզինի վաճառքը սահմանափակված է: Եթե Իրանից Հայաստան տեղափոխվել ցանկացողներ լինեն՝ Հայաստանի հետ ցամաքային սահմանը անխափան կա, բայց ըստ «Ալիք»-ի խմբագրի՝ հեռացողները շատ չեն:

Նա լավ օրինակ է համարում երեկ տարածված տեսանյութը, որում հրթիռակոծվում է հեռուստատեսության շենքը, իսկ հեռուստամեկնաբանը եթերից հեռանում է ոչ անմիջապես:

Ի դեպ՝ Էմամի անունով այս հաղորդավարուհուն այսօր Իրանում ազգային հերոսի պես փառաբանում են:





XS
SM
MD
LG