Ռուսական հարվածներ Կիևին, հրդեհներ են բռնկվել. կա առնվազն 14 զոհ

Կիև, Ուկրաինա

Ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ալիքները երեքշաբթի վաղ առավոտյան հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի տարբեր շրջաններին՝ վնասելով բնակելի շենք, հրդեհներ առաջացնելով: Առնվազն 14 մարդ է զոհվել, շուրջ 6 տասնյակը՝ վիրավորվել, հայտնել են քաղաքային իշխանությունները։

Ականատեսները Reuters-ին պատմել են, որ անօդաչուները հեղեղել են մայրաքաղաքի երկինքը, նրանք լսել են հրթիռների ձայներ։ Օդային տագնապի ազդանշանը գործել է ավելի քան յոթ ժամ:

Երկրի այլ հատվածներ ևս ենթարկվել են հարձակման, այդ թվում՝ մայրաքաղաքից դուրս գտնվող շրջանները և հարավ-արևելյան Զապորոժիե քաղաքը, որտեղ տարածաշրջանի նահանգապետը հայտնել է առնվազն չորս հարվածի մասին։

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն նշել է հինգ շրջանում արձանագրվել է 12 հարված։ Թիրախներից մեկը եղել է մանկապարտեզ քաղաքի արևելյան հատվածում։

«Մայրաքաղաքը ենթարկվում է համակցված հարձակման», - գրել է Տկաչենկոն, «Ռուսները կիրառում են հրթիռներ և հարվածային անօդաչուներ։ Տարբեր շրջաններում հրդեհներ են, և արտակարգ ծառայությունները աշխատում են տեղում»։

Մոսկվայում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, իր հերթին, հայտնել է, որ Ռուսաստանի օդային պաշտպանության ստորաբաժանումները հետ են մղել Կիևի իրականացրած երկու անօդաչու սարքերի հարձակում քաղաքում։ Քաղաքի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։ Այժմ սահմանափակումները հանվել են: