Ադրբեջանը չունի պատճառ և լեգիտիմություն Հայաստանի վրա հարձակման. Խանդանյան

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պնդում է՝ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու որևէ հիմք չունի:

«Ազատության» հարցին, թե հաշվի առնելով Իրան-Իսրայել շարունակվող հակամարտության պատճառով ստեղված իրավիճակը, մտավախություն չկա՞, որ Ադրբեջանը կարող է հարձակում ձեռնարկել, Խանդանյանը պատասխանեց. «Բնականաբար ցանկացած լարում տարածաշրջանում առաջացնում է մտահոգություններ, որ կարող է ընդհանուր առմամբ լարվել անվտանգային իրավիճակը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման, ես պիտի շարունակեմ պնդել, որ Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ և լեգիտիմություն Հայաստանի վրա որևէ կերպ հարձակման, ագրեսիա սկսելու համար»:

Դիտարկմանը, որ 2022թ. ևս պատճառ չկար, սակայն իրավիճակը կրկին լարվեց, ՀՀ-ն տարածքներ կորցրեց, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորն արձագանքեց, որ այն ժամանակ անվտանգային վիճակը լրիվ այլ էր: Նա հիշեցրեց, որ այս պահին Երևանն ու Բաքուն ունեն պատրաստի խաղաղության պայմանագիր, որը Հայաստանը պատրաստ է ստորագրել: Բաքուն, սակայն, դեռևս պայմաններ է առաջ քաշում՝ չստորագրելով համաձայնագիրը:

Չնայած հարևան Իրանում արդեն 5-րդ օրը ընթացող պատերազմական գործողություններին, Հայաստանի անվտանգության խորհուրդը լուռ է։ Պաշտոնապես չի հաղորդվել՝ արդյոք անցած օրերին խորհուրդը նիստ գումարել է՝ քննարկելու երկրի հարևությամբ ծավալվող իրադարձությունները, արդյոք քայլեր ձեռնարկվում են Հայաստանի վրա անվտանգային և տնտեսական ազդեցությունները մեղմելու կամ կանխարգելելու ուղղությամբ։

Սարգիս Խանդանյանն այսօր ասաց, որ ՀՀ կառավարությունն ու ԱԽ-ն տարբեր ֆորմատներով քննարկումներ ունենում են և քննարկում են նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր. «Իհարկե գնահատվում են ռիսկերը, Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք շատ կոնկրետ ուսումնասիրում են իրավիճակները և գնահատում են ռիսկերը»:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի օրերս հայտարարել էր, թե Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։ Փորձագետներն այս հայտարարությունը պատահական չեն համարում:

«Զանգեզուրի միջանցք» բացելու գաղափարից չհրաժարվող Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է։ Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական գործողությունները կախված են Իրանի հյուսիսում իրադարձություններից. փորձագետ