ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական մեդիայում գրառմամբ հորդորել է Թեհրանի բնակիչներին անմիջապես լքել քաղաքը։
«Իրանը պետք է ստորագրած լիներ «այդ համաձայնագիրը»։ Ես նրանց ասել էի՝ ստորագրեք։ Ինչ ափսոս ու ինչ անիմաստ մարդկային կորուստ։ Պարզ ասած՝ ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ Միջուկային ԶԵՆՔ։ Ես դա ասել եմ նորից ու նորից», - գրել է Թրամփը Truth Social հարթակում, - «Բոլորը պետք է անմիջապես տարհանվեն Թեհրանից»։
Ավելի վաղ Իսրայելի բանակը ևս տարածել էր նմանատիպ հայտարարություն՝ կոչ անելով Թեհրանի մի թաղամասի բնակիչներին տարհանվել։
Այս նախազգուշացումներն արվում են այն ժամանակ, երբ Իսրայելը մեծացնում է հարվածները Իրանի վրա՝ հայտարարելով, որ դրանք ուղղված են այդ երկրի միջուկային օբյեկտների ոչնչացմանը։ Իրանը հունիսի 16-ին օդային հարվածներ է հասցրել Իսրայելի քաղաքներին։
ԱՄՆ նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չի եղել առաջին հարվածներում, և հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք ԱՄՆ-ը մասնակցելու է հետագա գործողություններին։
Երբ Թրամփին հարցրել են, թե ի՞նչ պետք է տեղի ունենա, որ ԱՄՆ-ը ռազմական ճանապարհով ներգրավվի հակամարտությանը, նա պատասխանել է. «Ես չեմ ուզում դրա մասին խոսել»։