Մատչելիության հղումներ

Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի Էրդողանի հրավերով. ԱԺ նախագահ

Լրացված

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2025թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2025թ.

Հայաստանի վարչապետը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահի հրավերով, օրեր շարունակ շրջանառվող տեղեկությունն այսօր հաստատեց Ազգային ժողովի նախագահը: Ալեն Սիմոնյանն այցը որակեց պատմական:

«Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու», - լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի խոսնակը:

Հարցին՝ «պաշտոնակա՞ն այց է», Սիմոնյանն արձագանքեց. - «Լսեք, ես հիմա դժվարանում եմ անունը ասել՝ պաշտոնական է, աշխատանքային է, բայց որ դա երկկողմ այց է, և հրավեր է արվել նախագահի կողմից, և հենց էդ ֆորմատով է լինելու, այո»:

Թե կոնկրետ ի՞նչ օրակարգով է Ռեջեփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել Անկարա, Սիմոնյանն առաջարկեց մանրամասների համար դիմել վարչապետի աշխատակազմ, իսկ այնտեղից դեռ մանրամասներ չեն հայտնում: Հայ - թուրքակա՞ն, թե՞ հայ - ադրբեջանական կարգավորումն է լինելու երկու երկրների ղեկավարների բանակցությունների առանցքում, Ազգային ժողովի նախագահն, այդուհանդերձ, մանրամասնեց՝ քննարկվելու են երկուսն էլ:

«Ոչ մի արտառոց բան էս պահի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև չեմ բացառում որևիցե քննարկում», - նշեց Սիմոնյանը:

Իսկ հնարավո՞ր է Թուրքիան հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ստանձնի միջնորդի դերը, Ազգային ժողովի նախագահը պնդեց, թե նման միջնորդության մասին խոսք չկա. - «Հայաստանը և Ադրբեջանը որևիցե մի երկրի, նույնիսկ ոչ տարածաշրջանային երկրի, աջակցությամբ, կամ որևիցե մի մայրաքաղաքում եթե խաղաղության պայմանագիր ստորագրեն, դա կլինի բոլորի շահերից, բայց, ինչպես տեսաք, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը և Հայաստանը ավարտին հասցրեցին միասնական, և երկու կողմը կորոշեն, էլի, երբ որ դրա ժամանակը գա, թե որտե՞ղ կկնքեն, ի՞նչ միջնորդություն կլինի, կլինի՞ միջնորդություն, թե՞ ընդհանրապես միջնորդության կարիք չի լինի, թե՞ այլ ֆորմատ կլինի»:

Երևանն ու Անկարան ավելի քան երեք տարի է՝ հարաբերությունները կարգավորելու համար բանակցություններ են վարում: 2022 թվականին բանագնացները պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Մինչ օրս այդ պայմանավորվածությունը մնացել է թղթի վրա: Չնայած սրան՝ Թուրքիայի և Հայաստանի պաշտոնյաները ոչ միայն հեռախոսազրույցներ են ունենում, այլ նաև հանդիպումներ են անցկացնում: Երեկ էլ Անկարայում հանդիպել են երկու երկրների փոխարտգործնախարարները: Հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն այսօր հանդիպումից կարճ խոսեց:

«Փոխարտգործնախարարի այցը Թուրքիա Հայաստան - Թուրքիա կարգավորման շրջանակներում էր, դուք գիտեք, որ տարբեր, ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակում շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակներում շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում, և սա այդ շրջանակում է», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահը:

Թուրքիա Փաշինյանի առաջիկա հանդիպման մասին Ռուբինյանը ոչինչ չասաց, իսկ իր և Սերդար Քըլըչի հնարավոր հանդիպման մասին էլ միայն պնդեց, թե այդպիսի հանդիպման հաստատված ժամկետ դեռ չկա:

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա տեղի է ունեմում Իրան - Իսրայել հակամարտության ֆոնին, երբ տարբեր վերլուծություններ և կանխատեսումներ են հնչում, թե այդ երկրների միջև չդադարող հակամարտությունը կարող է անվտանգային լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար: Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ վարչապետի այցն Անկարա նաև այդ վտանգները կանխելու համար է:

«Պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են, և մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը էդ ուղղությամբ գործուն քայլեր է անում, ինչպես նաև, օրինակ, ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա», - ասաց ԱԺ նախագահը:

Իսկ ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար, եթե Իրանն ու Իսրայելը շարունակեն հակամարտությունը, և արդյոք Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկում է դրանք կանխելու ուղղությամբ: Իշխանական տարբեր պաշտոնյաներ այսօր միաձայն պնդում էին՝ Կառավարությունը բոլոր առումներով գնահատել է վտանգները:

«Թիվ մեկ ռիսկը էն է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել և այլ բնույթի վերածվել, ինչպես նաև այլ երկրների ներառվածությունը: Մեզ ստաբիլ հարևան է պետք, և ինչ որ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է», - հայտարարեց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը նաև հորդորեց մոռանալ «Զանգեզուրի միջանցքի» թեման: Սա արդյոք նշանակում է, որ երաշխիք ունեն՝ Ադրբեջանը չի օգտվի այս իրավիճակից, Սիմոնյանն ասաց, թե ինքը քաղաքակա՛ն հայտարարություն է անում. - «Ես քաղաքական առումով եմ ասում մոռացեք, և ռազմական առումով էլ արդեն ռազմական գերատեսչության ղեկավարը կպատասխանի: Էդ խոսակցությունը փակված է, էդ խոսակցությանը վերադարձ ոչ էն ժամանակ է եղել, ոչ հիմա կա, ոչ էլ ապագայում կարա լինի»:

Իսկ Բաքվից երեք օր առաջ կրկին հայտարարում էին՝ Երևանից քայլեր են ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ: Զուգահեռ, ադրբեջանական կողմն անպատասխան է թողնում ճանապարհների ապաշրջափակման մասին Երևանի առաջարկները, իսկ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկը» որակում է ուշացած:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG