Արդյոք Իրանն Ադրբեջանի հետ քննարկել է Սյունիքի վրա Բաքվի հնարավոր հարձակման հարցը, և արդյոք հավաստիացում ստացել են, որ Ադրբեջանը նման քայլի չի դիմի՝ օգտվելով ստեղծված իրավիճակից: «Ազատության» այս հարցին ի պատասխան, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ըստ էության չհերքեց՝ Բաքվի հետ քննարկել են Սյունիքի հետ կապված մտահոգությունը:
«Մենք բոլորի հետ կապի մեջ ենք, ինչպես նաև Ադրբեջանի կառավարության հետ: Մեզ հետաքրքրող հարցերի շուրջ, ինչպես նաև հավանական մտահոգությունների վերաբերյալ խոսել ենք և կխոսենք այդ մասին: Մեր դիրքորոշումը հստակ է, և Ադրբեջանի դիրքորոշումն էլ այս գործողությունների վերաբերյալ հստակ արտահայտվել է՝ նրանք դատապարտել են ագրեսոր ռեժիմի կողմից իրականացված գործողությունները: Մեզ համար կարևոր է պետությունների պաշտոնական դիրքորոշումները», - հայտարարեց դեսպանը:
«Զանգեզուրի միջանցք» բացելու գաղափարից չհրաժարվող Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է։ Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։
Մեհդի Սոբհանին այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով Սյունիքի շուրջ մտահոգություններին՝ նշեց, որ հետևում են զարգացումներին և
խորհրդակցում են տարածաշրջանի երկրների հետ:
«Մեր կարմիր գծերը հստակ են, ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի դրանցից: Իհարկե, հավանականությունների աշխարհում ենք ապրում, բայց մենք փաստերի հետ ենք առնչվում: Մենք պահպանում ենք զգոնությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս հետևում է զարգացումներին: Մենք անընդհատ Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում», - նշեց դեսպանը:
Մեհդի Սոբանին պնդեց, թե տեղեկություններ չունեն, որ Ադրբեջանը աջակցում է Իսրայելին պատերազմական այս գործողություններում: «Հավաստի փաստեր պետք է լինեն», - ասաց իրանցի դիվանագետը՝ նշելով, որ Իրանը տեղեկություններ չունի նաև այն մասին, որ Ադրբեջանն Իսրայելին է տրամադրում Ղարաբաղի տարածքը՝ այնտեղից Իրանին հարվածելու համար:
Արդեն հինգ օր շարունակվող պատերազմական գործողությունների հետևանքով, ըստ Իրանի դեսպանի, երկրում զոհվել է ավելի քան 200 մարդ, վիրավորվել՝ 1200-ը, նրանց 90 տոկոսը, Սոբհանիի խոսքով, խաղաղ բնակիչներ են:
Դեսպանն այսօր հրավիրած ասուլիսում պնդում էր, որ Իրանում խուճապային իրավիճակ չկա, մարդիկ չեն փորձում լքել երկիրը, ինչպես ներկայացնում են, իր բնորոշմամբ, սիոնիստական ռեժմի աջակիցները: Ավելին, Իրանի դեսպանն այսօր պնդեց՝ «թշնամին պարտվելու շեմին է»:
Թեհրանն ի՞նչ հիմքեր ունի պնդելու, որ Իսրայելը պարտվում է, «Ազատություն»-ը հարցրեց իրանցի դիվանագետին:
«Նախ, սիոնիստական ռեժիմի առաջին պարտությունը նրանում է, որ երբ նա այդ կայծակնային հարձակումն իրականացրեց, նրան թվում էր, թե կարող է գործնական հարված հասցնել Իրանին և Իրանի փլուզման պատճառ դառնալ:
Այն, որ սիոնիստական ռեժիմը դիմել է տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ին, աջակցություն ստանալու համար, խոսում է այն մասին, որ չի կարողացել հասնել այն նպատակներին, որ որդեգրել է : Փաստորեն զգում են պարտվելու վտանգը», - պատասխանեց Սոբհանին:
Իրանում շարունակվող ռազմական գործողությունների հինգերորդ օրը պաշտոնական Թեհրանը հայտարարում է՝ «չի հանձնվելու»:
Ի՞նչ է սա նշանակում, արդյոք բանակցությունների միջոցով պատերազմին վերջ դնելու հնարավորություն Իրանը չի տեսնում, «Ազատության» այս հարցին ի պատասխան՝ դեսպան Սոբհանին ասաց, թե երբեք հնարավոր չէ սեղմել այն ձեռքը, որը բաց չէ և բռունցքված է:
«Երբ դադարի ագրեսիան, և ագրեսորը նստի իր տեղում, երբ դադարեցվեն Իրանի դեմ սպառնալիքները, այդ դեպքում դիվանագիտությամ ճանապարհը բաց է: Մենք երբեք չենք փակել և չենք լքել այդ ուղին, մենք հենց բանկացությունների մեջ էինք, երբ սիոնսիստական ռեժիմը զինված հարձակում իրականացրեց մեզ վրա: Այդ ռեժիմի լրջագույն նպատակներից մեկը Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ձախողելն էր: ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը կախված է նրանից, թե այդ ագրեսիան ինչպես կավարտվի», - հայտարարեց դիվանագետը:
Ի դեպ, Հայաստանում Իրանի դեսպանն այսօր հրավիրած ասուլիսում
պնդում էր՝ ԱՄՆ-ը մասնակից և պատասխանատու է Իրանի դեմ հարձակումների համար:
Ինչ վերաբերում է Թեհրանը տարհանելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հորդորներին, ապա իրանցի դիվանագետը պատկերավոր ձևակերպեց՝ «Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է»: