Մատչելիության հղումներ

Երևանյան տրանսպորտի բարեփոխումներն ուշանում են. Ավինյանը հորդորեց վերացնել QR կոդով տոմսերը


Երևանի քաղաքային իշխանությունները հանրային տրանսպորտի սակագինը բարձրացնելիս տրանսպորտային պարկի թարմացում էին խոստանում, պնդում, որ բարեփոխումներն առանց թանկացման հնարավոր չէ իրականացնել: Հինգ ամիս էլ չի անցել, հիմա արդեն հայտարարում են, որ նոր տրոլեյբուսների ձեռքբերման գործընթացն ավարտին չեն կարողանում հասցնել:

«Գնման գործընթացի շրջանակներում կնքված պայմանագրի արդյունքում Երևան համայնքի համար ձեռք են բերվել թվով 45 տրոլեյբուսները: Հաշվի առնելով, որ դեռևս ֆինանսական միջոցները նախատեսված չեն, խնդրում են հանձնարարականի ժամկետը երկարաձգել», - այսօրվա նիստին դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ասաց գնումների վարչության պետ Վահան Պապիկյանը:

Զուգահեռ Երևանը միլիարդավոր դրամներ է կորցնում չգանձված տոմսերի պատճառով։ Գործակարգավարական նիստին ներկայացված տվյալները վկայում են՝ հունվարից մայիս ամիսներին ավտոբուսներով կատարվել է ավելի քան 1,8 միլիոն վավերացում, մետրոպոլիտենում՝ մոտ 489 հազար, իսկ տրոլեյբուսներում՝ ընդամենը 87,953։ Բացի դրանից, ավելի քան 87 հազար բացասական տարբերություն է արձանագրվել, այսինքն՝ այդքան ուղևոր ինչ-ինչ պատճառով չի վճարել ուղեվարձը։

Տիգրան Ավինյանը ցանկանում է QR համակարգի թղթային տարբերակը վերացնելով խնդիրը կարգավորել. «Թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովենք այս ամառվա ընթացքում, հետևաբար «ԹելՍել»-ի մեր գործընկերների հետ հասկացեք՝ որ ամսվանից սկսած, ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից սկսած թղթային տարբերակով չպետք է գործեն QR-ները, մեր խնդիրներից մեկը նաև դա է»:

Մայրաքաղաքում ծախսերը կարող են գերակշռել եկամուտներին. քաղաքի սեփական եկամուտների հունվար - հունիս ցուցանիշը նախորդ տարվա 6 մլրդ գերակատարումից անցել է թերակատարման՝ հիմնական պատճառներից մեկը տրանսպորտի թերհավաքագրումն է: Եկամուտների հավաքագրման կատարողականը 94 տոկոս է:

«Թերակատարման հիմնական պատճառ է հանդիսացել փոխադրավարձի շուրջ 2.5 մլրդ դրամ և նախագծման թույլտվության շուրջ 1.7 մրդ դրամ եկամուտներ թերհավաքագրումը», - մանրամասնեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը:

Փաստացի խոստացված բարեփոխումներն ուշանում են, իսկ տրանսպորտային պարկում շարունակվում է շարժակազմերի անսարքությունը: Զեկույցների համաձայն՝ 40 ավտոմեքենա անսարք է, որից 10 MAN մակնիշի ավտոբուսներ են: «Երևան ավտոբուս» ՓԲԸ ղեկավար Բեգլար Կիրակոսյանը պատճառաբանեց՝ խնդիրը պահեստամասերի բացակայություն է: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց՝ վիճակը ձգվում է արդեն կես տարի։

«Եթե այս տեմպով շարունակվի, այդ ընկերության հետ այլևս չենք կարողանա շարունակել համագործակցությունը: Սա վերջնական և հստակ փոխանցեք», - ասաց նա:

Տրանսպորտի սակագինը 100 դրամ պահելու կողմնակից ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանին թերհավաքագրումնեը չեն զարմացնում: Վստահ է՝ թղթային QR-ների վերացումը խնդիրը չի լուծելու, լուծումը ինչպես այն ժամանակ, հիմա էլ, պնդում է,100 դրամ սակագնին վերադառանալն է:

«Ավելի վատ կլինի, նախ՝ տեխնիկապես այդ ամբողջ համակարգը պիտի կայացնես, մի 5 անգամ փորձարկես, հետո նոր մտցնես այդ համակարգը: Մեր ասածը դա է եղել այն ժամանակ, ու հիմա էլ է դա։ Դուք փոխանակ այդ թանկացումից սկսեք, նախ՝ իրեն ավելի արդիականացրեք, ստացեք ամբողջական 100 դրամով ամբողջ գումարները, ներհոսքը, տեսեք ՝ինչքան գումար է ստանում, որովհետև կանխիկն արանքից դուրս է եկել, հետո նոր մնացածն արեք: Հիմա փաստորեն իրենք պրավալ են տվել, մեզ էլ ասում են՝ բա գիտես MAN չենք կարող առնել, ավտոբուս չենք կարող առնել, մեր ներհոսքը քիչ է», - ասաց նա:

Թորոսյանը խնդիր է տեսնում քաղաքային իշխանության կատարած ծախսերի մեջ, իսկ ընդհանուր քաղաքային եկամուտների թերհավաքագրումները վատ վարչարարությամբ ու հարկերի բարձացմամբ է պայմանավորում. «Պետք է նաև փաստենք, որ տարբեր ոլորտներում հարկային պարտավորություններ են շատանում, և մարդկանց գործերը լավ չեն։ Մեր փոքր ու միջին բիզնեսի գործը լավ չի»։

Ավագանու ընդդիմադիր անդամը կարծում է, որ քաղաքային մի շարք ՀՈԱԿ-ներում ծախսերը պատշաճ չեն կատարվում: Իրենց ունեցած փաստերը, ըստ Թորոսյանի, վկայում են, որ գնումները և ծախսերն իրականացվում են ոչ օպտիմալ ձևով։ Մտադիր են այս հարցերի ուսումնասիրության համար դիմել, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի:

XS
SM
MD
LG