Իսրայել-Իրան հակամարտության հետևանքով կարող են տուժել դեպի Հայաստան մատակարարումները, հայտարարում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր՝ Իրանի տարածքով բեռների տեղափոխման խնդիրներ կան։ Հայկական բեռների մի մասը մնացել է Բանդար Աբբաս նավահանգստում և հարևան երկրի ճանապրհներին։
Իսրայելի Պաշտպանության նախարար Իսրայել Կացը այսօր հանդես է եկել Իրանի հասցեին հերթական կոշտ հայտարարությամբ՝ պնդելով, որ «Թեհրանի բնակիչները շատ շուտով ծանր գին կվճարեն»:
«Թեհրանի ամբարտավան բռնապետը վերածվել է վախկոտ մի մարդասպանի, որը թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ փորձելով կանխել Իսրայելի Պաշտպանության բանակի կողմից իր ռազմական կարողությունների կործանումը», - հայտարարել է Կացը։
Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 24 խաղաղ բնակիչ է զոհվել։ Իրանում, Իսրայելի հարվածներ հետևանքով արձանագրված զոհերի թիվը հասել է 224-ի։ Իսլամական հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ դրանց 90 տոկոսը խաղաղ բնակիչներ են։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կատարի իր պարտականությունները», - Mehr-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ ընդգծելով՝ «զսպվածություն պահանջելը ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն»:
«Այս պատերազմը միայն Իրանի դեմ չէ. դա պատերազմ է մարդկության դեմ։ Այս պատերազմը հակասում է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը, օրենքի գերակայությանը և բոլոր այն արժեքներին, որոնց համար մարդկությունը պայքարել է», - նշել է նա։
Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Թել Ավիվում գտնվող դեսպանատան շենքը աննշան վնասներ է կրել մոտակայքում իրանական հրթիռային հարվածից՝ հայտնելով, որ անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել։
Նա X-ում գրել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը երկուշաբթի օրը փակ կմնա: